ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Վեր են հանվում Թուրքիայի և համաշխարհային ուժային կենտրոնների միջև հակասությունները

Վեր են հանվում Թուրքիայի և համաշխարհային ուժային կենտրոնների միջև հակասությունները
22.12.2015 | 20:03

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունեցել Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերա-կատարների` Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում» գրքի շնորհանդեսը։

Աշխատությունում ներկայացված է համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության՝ Թուրքիայի հետ հարաբերությունների ներկա վիճակը։ Հայոց ցեղասպանության հիմնահարցը քննարկվում է Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա և ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առկա հակասությունների ու շահերի բախման համատեքստում։ Գրքում ներկայացվում են առաջարկներ՝ ստեղծված իրավիճակում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության և սփյուռքի լոբբիստական կառույցների կողմից նշված ուժային կենտրոններում հատկապես Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում համապատասխան տրամադրվածություն ստեղծելու առումով։
Նշենք, որ աշխատությունը հրատարակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Օրենքի ուժով» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Գրքի հեղինակ, ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, «Օրենքի ուժով» ՀԿ-ի նախագահ Արմեն Մարուքյանը նշում է, որ հետազոտության մեջ չեզոքացվում է այն կարծրատիպը, թե Թուրքիան փայլուն հարաբերություններ ունի ուժային տարբեր կենտրոնների հետ։ Այս ամբողջ հակասությունների փաթեթը, այս շահերի բախումները մեր լոբբիստական կառույցները պետք է փորձեն իրենց զինանոցում ունենալ և ուժային կառույցների համար նրանց աշխատանքներում պետք է ապացուցվի, թե վերջիններս ինչ օգուտներ, շահեր կարող են ունենալ՝ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում օգնելով հայ ժողովրդին։
Ծրագրի իրականացման ընթացքում «Օրենքի ուժով» ՀԿ-ն նաև սիմուլյացիոն բանակցություններ է կազմակերպել տարբեր ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ուսանողների մասնակցությամբ։ Ուսանողներն այդ բանակցություններում, հանդես գալով տարբեր երկրների ներկայացուցիչների դերում, փորձում էին Թուրքիայի հետ հարաբերություններում առկա հակասությունները քննարկել և այդ հոլովույթում դիտարկել Հայոց ցեղասպանության հարցը։
ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը նկատեց, որ աշխատության մեջ համապարփակ ներկայացված է Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում համաշխարհային ազդեցիկ դերակատարների քաղաքականությունը։ «Այսօրվա միջազգային հարաբերություններում Թուրքիայի վրա պետք է համաշխարհային ճնշում գործադրվի, որպեսզի պետականորեն ամենաբարձր մակարդակով նրանք առերեսվեն սեփական պատմության հետ, ընդունեն Հայոց ցեղասպանությունը։ Այսօր իրավիճակն աշխարհում, մեր տարածաշրջանում շատ դինամիկ է զարգանում, և նման հեռանկարը ֆանտաստիկայի ժանրից չէ։ Մենք նման զարգացումներին պետք է պատրաստ լինենք։ Պետք է պատրաստ լինենք առաջին հերթին նաև նման հետազոտությունների շնորհիվ»,- նշել է պատմության ինստիտուտի փոխտնօրենը։
«Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշ¬խար¬հային քաղաքականության ազդեցիկ դերակատարների` Թուրքիայի հետ հարաբերություն¬ների համատեքստում» աշխատությունը տպագրվել է 500 օրինակով։ Այն հասանելի է լինելու նաև համացանցում՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ԳԱԱ պատմության ինստիտուտի կայքերում։

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ